Սիրիայում տեղի է ունեցել Հայաստանի մշակութային օրերի պաշտոնական բացումը

01 դեկտեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը Սիրիայում տեղի ունեցող Հայաստանի Հանրապետության մշակութային օրերի պաշտոնական բացումը կատարելու, հայ-սիրիական մշակութային կապերն ամրապնդելու եւ երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրներ քննարկելու նպատակով նոյեմբերի 25-ին Սիրիա է ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:

Այցի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարարը հանդիպումներ է ունեցել Սիրիայի փոխնախագահ Նաջահ Ատտարի, մշակույթի նախարար Ռիադ Նաասա Աղայի, տեղեկատվության նախարար Մոհսեն Բիլալի եւ Դամասկոսն արաբական մշակույթի մայրաքաղաք փառատոնի գործադիր տնօրեն Հանան Կասաբ Հասանի հետ:

Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ հայկական եւ արաբական հզոր մշակութային ժառանգության բազմաբնույթ ոլոտներում համագործակցության, միմյանց փորձի ուսումնասիրության, երաժշտական, օպերային, բալետային արվեստի մասնագետների փոխանակման վերաբերյալ:

Նոյեմբերի 26-ին Սիրիայի ազգային թանգարանից սկսվեց Հայաստանի Հանրապետության մշակութային օրերի բացումը: Առաջին անգամ Սիրիայի այզգային թանգարանում ներկայացված են Հայաստանի Ազգային պատկերասրահից բերված հայ հանրաճանաչ նկարիչների 34 կտավներ, Մատենադարանից բերված 15, այդ թվում` 4 արաբալեզու մագաղաթյա մատյաններ եւ պատմության թանգարանից բերված 150 արաբական դրամներ: Այնուհետեւ, Դամասկոսի օպերային թատրոնի շենքում տեղի ունեցավ մշակութային օրերի պաշտոնական հանդիսավոր բացումը, որին ներկա էին Սիրիայի կառավարության, Ժողովրդական Ժողովի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, մշակութային գործիչներ եւ հոծ հանդիսականներ:

Մշակութային օրերի բացման խոսքում Սիրիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարներն անդրադարձել են հայ-արաբական բազմադարյա համատեղ պատմամշակութային անցյալին ու ջերմ հարաբերություններին, որոնք նոր լիցք էին ստացել Հայաստանի անկախացումից հետո: Հանդիսավոր արարողությունից հետո ելույթներով հանդես են եկել Դամասկոսի Հայ Կաթողիկե Միության «Քնար» երգչախումբը, այնուհետեւ` Հայաստանի պարի պետական անսամբլը:

Հայկական մշակույթի ներկայացումը շարունակվելու է նաեւ Սիրիայի Հալեպ եւ Լաթաքիա քաղաքներում: Հայաստանի մշակութային օրերի շրջանակում սիրիական հեռուստատեսությամբ ցուցադրվել է Հայաստանի վերաբերյալ հեռուստաֆիլմ, իսկ միջոցառումների ընթացքը լուսաբանվել է զանգվածային լրատվության միջոցներով:
Տպել էջը