ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի հանդիպումները Կատարում

01 դեկտեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 29-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց Զարգացման ֆինանսավորման միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ` նախագահներ, վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի հանդիսավոր բացումը կատարեցին Կատարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Համաժողովին Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Կատար կատարած այցի ընթացքում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ պետական նախարար Ահմադ բին Աբդալլահ ալ-Մահմուդի հետ:

Հանդիպման ընթացքում շոշափվել են հայ-կատարական հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, որի շուրջ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ:

Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, որն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` միաժամանակ նշելով, որ երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովը շուտով կնախապատրաստի համապատասխան փաստաթղթերի փաթեթը` երկու երկրների միջեւ տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Տպել էջը