Բրյուսելում տեղի է ունեցել արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերին նվիրված փորձագետների մակարդակով Հայաստան-ԵՄ հանդիպումը
26 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 25-ին Բրյուսելում տեղի է ունեցել արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերին նվիրված փորձագետների մակարդակով Հայաստան-ԵՄ հանդիպումը (technical meeting on JLS related issues), որը համարվում է արդարադատության հարցերով ԵՄ-Հայաստան համագործակցության ենթակոմիտեի հիմնման առաջին փուլը: Հայկական կողմից ներկայացված էր արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ՏԿՆ միգրացիոն գործակալության, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության փորձագետներով համալրված միջգերատեսչական պատվիրակությամբ: Եվրոպական հանձնաժողովից մասնակցում էին մոտ երկու տասնյակ փորձագետներ:
Հանդիպման հիմնական նպատակներից էր հայկական կողմին ներկայացնել ԵՄ-ի վարած քաղաքականությունը եւ քննարկել Հայաստանում արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քննարկվեցին Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի համապատասխան բաժինների իրականացման ընթացքը, միգրացիային, մուտքի արտոնագրերի տրամադրմանը, սահմանների կառավարմանը, ճամփորդական փաստաթղթերի անվտանգությանը նվիրված հարցեր:
Նախատեսվում է, որ 2009թ. արդեն կհիմնվի արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ԵՄ-Հայաստան համագործակցության ենթակոմիտեն, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ հիմք կստեղծի մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման վերաբերյալ Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկի համար: