Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Ստամբուլ
25 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահող երկրի արտգործնախարար, մեկօրյա աշխատանքային այցով այցելեց Ստամբուլ:
Հայաստանի ԱԳ նախարարը այցելեց ՍԾՏՀ քարտուղարություն, ուր հանդիպեց կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց ՍԾՏՀ գործունեության կատարելագործման եւ անդամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանման հարցերին:
Անդրադառնալով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ առաջիկա վեց ամիսներին ծրագրված շուրջ 60 միջոցառումները միտված են կազմակերպության հեղինակության բարձրացմանը եւ անդամ երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը:
Այնուհետեւ տեղի ունեցավ ՍԾՏՀ Միջազգային քարտուղարության, ՍԾՏՀ անդամ ու դիտորդ երկրների եւ հարակից մարմինների ներկայացուցիչների նիստը, որին առաջիկա ամիսներին կազմակերպության գործունեության եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին ծրագրային ելույթով հանդես եկավ արտգործնախարար Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը ՍԾՏՀ նախագահությունը ստանձնել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ տարբեր երկրների տնտեսությունների տարաբնույթ բարդությունների ժամակահատվածում, որոնց հաղթահարման նպատակով կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ գործեն:
Խոսելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը` որպես հիմնական նպատակ: Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀ գերակա խնդիրներից են լինելու նաեւ էներգետիկայի, բնապահպանության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը եւ առաջիկա կես տարում նախատեսված են վերոհիշյալ ոլորտները համակարգող ՍՏԾՀ անդամ երկրների նախարարների հանդիպումներ:
Նախարար Նալբանդյանն ասաց նաեւ, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ ՄԱԿ եւ ՍԾՏՀ - ԵՄ փոխգործակցության խորացումը: Հայաստանի համահեղինակությամբ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց ՄԱԿ ՍԾՏՀ համագործակցության մասին բանաձեւը: Առաջիկա ամիսներին ՍԾՏՀ եւ ԵՄ կողմից մի շարք համատեղ միջոցառումներ են կազմակերպվելու:
Նիստին հետեւեց Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին շուրջ 100 թուրքական եւ համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հարաբերությունների լիակատար կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների շահերից, եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսությունը ուղղված է հենց այդ նպատակին` դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը, եւ այն չպետք է դիտարկել որպես Թուրքիայի կողմից շնորհ Հայաստանին, քանի որ դրանում ոչ պակաս շահագրգռված է Թուրքիան:
Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Ստամբուլի Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի եւ Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Նախարար Նալբանդյանը հանդիպեց նաեւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը: Այնուհետեւ Ալի Բաբաջանը ընթրիք տվեց Էդվարդ Նալբադյանի պատվին:
Առավել քան երկուսուկես ժամ տեւած քննարկմանը նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը անդրադարձան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի:
Նախարարները մտքեր փոխանակեցին Անվտանգության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի նախաձեռնության վերաբերյալ:
Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը իրենց հանդիպումը գնահատեցին որպես օգտակար ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպում: Նախարարները համաձայնել են շարունակել ջանքերն ուղղված երկկողմ հարաբերությունները կարգավորմանը:
Նույն օրն ավարտելով այցելությունը` Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան:Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: