Վիեննայում անցկացվել են Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումների 25 նոյեմբեր 2008թ. Ավստրիայի

22 նոյեմբերի, 2008

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկի եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությամբ ս. թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վիեննայում անցկացվել են «Հայկական օրեր» ընդհանուր խորագրով միջոցառումներ` ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի:

«Հայկական օրերի» հիմնական կազմակերպիչն էր Ավստրիայում գործող Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի օժանդակության ընկերակցությունը, որի գործունեությունն ուղղված է բազմակողմանի օգնություն ցուցաբերելու երկրաշարժից հետո Գյումրիում ավստրիական կառավարության կողմից կառուցված մանկական հիվանդանոցին:

Միջոցառումները բարեգործական բնույթ էին կրում, եւ հավաքված գումարը տրամադրվելու է հիվանդանոցին նոր բժշկական սարքավորումներ, դեղորայք առաքելու, ինչպես նաեւ հիվանդանոցի բժշկական անձնակազմին Ավստրիայում վերապատրաստելու համար:

Բոլոր միջոցառումները տեղի են ունեցել «Ուրանիա» կենտրոնում, որը ստանձնել էր նաեւ հովանավորությունը: «Հայկական օրերի» առաջին երկու երեկոները կայացել են հոկտեմբերի
16-ին եւ 30-ին, որոնց ընթացքում համերգներով ելույթ են ունեցել հայ եւ ավստրիացի երաժիշտներ, ընթերցվել են զեկույցներ Հայաստանի եւ Գյումրիի մասին, ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր:

Գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Ողջույնի խոսքով եւ ելույթներով հանդես են եկել Ավստրիայի առողջապահության, ընտանիքի եւ երիտասարդության դաշնային նախարար Անդրեա Կդոլսկին, Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Մարիուս Կալլիգարիսը, Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի օժանդակության ընկերակցության նախագահ Քրիստոֆ Լեհները, ընկերության գործադիր տնօրեն Հանս Դյոլերը, հիվանդանոցի «Մոր եւ մանկան կենտրոն» վերակառուցման հեղինակ պրոֆ. Գյունտեր Փեթերը եւ Հայաստանից ժամանած Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Դեսպան Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել Գյումրիի մանկական հիվանդանոցին ավստրիական կողմի ցուցաբերած աջակցության համար,եւ հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի:

Երեկոյի ընթացքում Ավստրիայում բնակվող հայ երաժիշտների կողմից կատարվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Միջոցառումներին մասնակցել են Ավստրիայի պաշտոնական եւ հասարակական շրջանակների, դիվանագիտական կորպուսի, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տպել էջը