ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Էստոնիայի նախագահին,
21 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 20-ի երեկոյան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Էստոնիա:
Տալին ժամանելուն պես նախարար Նալբանդյանը մեկնեց Էստոնիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Ռիգիկոգույի (խորհրդարան) նախագահ Էնե Էրգմայի հետ:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին, Էնե Էրգմանն ասաց, որ ամենաջերմ զգացմունքներն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ եւ Ռիգիկոգույի անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցույց տալ երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացմանը:
Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ցանկանում է ամրապնդել եւ խորացնել Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները եւ նպատակադրված է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների խորհրդարանների համագործակցության ակտիվացման հարցերին, միջխորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքներին:
Էնե Էրգման եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:
Խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն այցելեց Տալինի հայկական եկեղեցի, ուր հանդիպում ունեցավ Էստոնիայի հայ համայնքների ազգային խորհրդի վարչության անդամների հետ:
Նոյեմբերի 21-ին Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Հենդրիկ Իլվեսը:
Նախագահ Իլվեսի եւ նախարար Նալբանդյանի հանդիպման ընթացքում շոշափվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն առնչվող խնդիրներ: Երկուստեք նշվեց, որ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտը հնարավորություն է ընձեռում համատեղ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Էստոնիայի երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ընդլայնման համար:
Հենդրիկ Իլվեսը նշեց, որ Էստոնիան պատրաստ է աջակցություն ցույց տալ Հայաստանին ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում:
Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Նախարարները կարեւորեցին երկու ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր անցկացվող խորհրդակցությունները` որպես համագործակցության հաջող ձեւաչափ:
Ուրմաս Պաետը շնորհակալություն հայտնեց օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Վրաստանից Էստոնիայի քաղաքացիներին էվակուացիայի ժամանակ Հայաստանի ցույց տված աջակցության համար` որակելով այն որպես բարեկամական հարաբերությունների դրսեւորում:
Նախարարները քննարկեցին տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին համատեղ գործարար համաժողով կազմակերպելու, ԵՊՀ եւ Տառտուի համալսարանի միջեւ համագործակցության մասին արձանագրություն ստորագրելու եւ մշակութային փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:
Հայաստանի եւ Էստոնիայի արգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընթացքի եւ այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը, վկայակոչելով նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշեց հայկական կողմի ակնկալիքը ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի եւ այդ հարցում Բալթյան երկրների կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ:
Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:
Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Ուրմաս Պաետն ասաց, որ մտադիր է Հայաստան այցելել 2009 թ. առաջին կեսին:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս, ապա Ուրմաս Պաետը պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին: