Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի այցը Հնդկաստան 18 նոյեմբեր 2008թ.

18 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 17-ին հովվապետական այցով Հնդկաստանում է գտնվել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ կազմակերպվել էր հանդիպում Դելիում հավատարմագրված դեսպանների, Հայաստանի դեսպանատան աշխատակիցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վեհափառ Հայրապետին եւ նրա ղեկավարած շքախմբին ողջունել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ներկաներին ծանոթացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցի մանրամասներին: Նա նշել է, որ այցը իրականացվել է Քերալա նահանգի Մալանկարա Ուղղափառ քույր եկեղեցու եւ Կալկաթայի եկեղեցական խորհրդի հրավերով: Վեհափառ Հայրապետը Քերալա նահանգում այցելել է հոգեւոր եւ բժշկական կենտրոններ, արժանացել Մալանկարա եկեղեցու բարձրագույն պարգեւի` Սուրբ Թոմասի շքանշանին: Չեննայում (Մադրաս) Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերաօծել է Մադրասի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին (1712 թ.), Կալկաթայում մասնակցել է Ս. Նազարեթ հայկական եկեղեցու
300-ամյակին նվիրված միջոցառումներին, այցելել Չինսուրա, Սաիդաբադ, Տանգրա, մատուցել Սուրբ Պատարագ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել Հնդկաստան կատարած հովվապետական այցի եւ Հայաստանի դեսպանությունում հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար: Վեհափառ Հայրապետը ներկայացրել է շքախմբի անդամներին, կիսել տպավորությունները Հնդկաստանի եւ բարեկամ հնդիկ ժողովրդի մասին, պատասխանել ներկաների հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կիպրոսի, Հունաստանի, Սիրիայի եւ Սերբիայի դեսպանները, Դելիի ՌԴ մշակութային կենտրոնի տնօրենը, Հնդկաստանում վերապատրաստում անցնող ՀՀ պաշտոնյաներ եւ ուսանողներ:

 

Տպել էջը