Կիեւում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի եւ Տարաս Շեւչենկոյի ստեղծագործական ժառանգությանը նվիրված կոնֆերանս 12 նոյեմբեր 2008թ.
12 նոյեմբերի, 2008Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի կողմից 2008 թվականը հայտարարվել էր թումանյանական տարի:
Այդ ծրագրի շրջանակում նոյեմբերի 6-9-ը Կիեւում տեղի է ունեցել գիտական կոնֆերանս` նվիրված Հովհաննես Թումանյանի եւ Տարաս Շեւչենկոյի ստեղծագործական ժառանգությանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանի եւ Ուկրաինայի Ազգային ակադեմիաների գրականության ինստիտուտները եւ Կիեւի հայ համայնքը:
Գիտական կոնֆերանսի բացման խոսքում Ուկրաինայի Ազգային ակադեմիայի Շեւչենկոյի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Ժուլինսկին շնորհավորել է կոնֆերանսի մասնակիցներին միջոցառման կազմակերպման կապակցությամբ՝ ցանկանալով գիտական եւ ստեղծագործական հաջողություններ: Նա նշել է, որ կոնֆերանսը կարեւոր հանգրվան կհանդիսանա երկու խոշոր բանաստեղծների գրական ժառանգության նորովի իմաստավորման եւ նոր սերնդին փոխանցման ու դաստիարակման համար:
Գիտական կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, ով կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը եւ նշանակությունը երկու երկրների եւ ժողովուրդների գիտական, մշակութային մերձեցման եւ հարաբերությունների զարգացման գործում: Նա նշել է, որ երկու բանաստեղծների գրական ժառանգությունն ունի ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային նշանակություն, եւ հայերեն ու ուկրաիներեն թարգմանված ստեղծագործությունները դարձել են երկու ժողովուրդների մշակութային սեփականությանը:
Թումանյանական տարվա շրջանակում Ուկրաինայի հայերի միությունը եւ Կիեւի հայ համայնքը գրական երեկոներ, թումանյանական ընթերցումներ են կազմակերպել նաեւ ուսումնական հաստատություններում: