Հայաստանում Ղրղզստանի դեսպանը ՀՀ ԱԳ փոխնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը 10 նոյեմբեր 2008թ.
10 նոյեմբերի, 2008Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Ռաիմկուլ Ատակուրովին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով դեսպանին Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Ղրղզստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Ռաիմկուլ Ատակուրովն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ղրղզստանի առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը եւ իրավապայմանագրային հիմքի զարգացմանը կարող են նպաստել Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, նաեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները:

Տեղեկանք: Ծնվել է 1960 թ. Օշի մարզի Օկտյաբրսկոյե գյուղում: 1985թ. ավարտել է Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային ինստիտուտը:
1985-1990թթ. եղել է Մոսկվայի «Գլավմոսինժստրոյ» ձեռնարկությունում: 2003-2006թթ. ուսանել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայում: 2005-2007թթ. եղել է Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանության խորհրդական դեսպանորդ, 2007 հունիսից 2008թ. հունվար` Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար: 2008թ. հունվարից նշանակվել է ՌԴ-ում Ղրղզական Հանրապետության դեսպան: