Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ավարտեց իր լոնդոնյան այցը 29 հոկտեմբեր 2008թ. ԱԳ նախարարն այց

28 հոկտեմբերի, 2008

ԱԳ նախարարն այցելեց Chatham House, BBC, հանդիպեց բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 27-ի երկրորդ կեսին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակեց հանդիպումները Լոնդոնում:

Նախարար Նալբանդյանն այցելեց Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatհam House), ուր հանդես եկավ «Տարածաշրջանային անվտանգությունը Կովկասում. Հայկական հեռանկարը» խորագրով ծավալուն ելույթով, որին ներկա էին քաղաքական վերլուծաբաններ, գիտական կենտրոնների եւ համալսարանների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, ՄԹ պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Այնուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնեց BBC ռադիոկայանի համաշխարհային ծառայության կենտրոնակայան` դրանով իսկ հանդիսանալով հայ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց BBC: Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց ռադիոկայանի չորս թղթակիցներին:

Նախարար Նալբանդյանի հաջորդ հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Առավել քան երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը բրիտանահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել Սփյուռքի հետ փոխգործակցությունը, եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց բրիտանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջին հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության կառավարության հատուկ ներկայացուցիչ դեսպան Բրայան Ֆոլի հետ էր: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ֆոլը մանրամասն քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հակամարտությունների կարգավորման հեռանկարները:

Ավարտելով լոնդոնյան այցը` հոկտեմբերի 28-ին նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

 

Տպել էջը