Նիգերիայի դեսպանը ՀՀ ԱԳ փոխնախարարին հանձնել է իր հավատարմագրերի պատճենը 28 հոկտեմբեր 2008թ. Ս. թ. հոկտեմ

28 հոկտեմբերի, 2008

Ս. թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Թեհրան) Չիքային Մ. Աբուբաքար (Cika M. Abubakar) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Գեղամ Ղարիբջանյանը կարեւորեց Հայաստանում Նիգերիայի դեսպանի նշանակումը` որպես առաջին քայլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Նիգերիայի միջեւ տնտեսական համագործակցության հաստատման հնարավոր ուղղությունները:
Այդ համատեքստում Նիգերիայի դեսպանը ներկայացրեց իր երկրի տնտեսական ներուժը եւ ներդրումային դաշտը` նշելով, որ երկկողմ տնտեսական գործակցության հեռանկարային ոլորտ կարող է լինել վառելիքա-էներգետիկ բնագավառը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միջազգային ասպարեզում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ գործակցության սերտացման հարցերին:

Տեղեկանք : Չիքան Մ. Աբուբաքարը ավարտել է Ահմադու Բելլոյի համալսարանը աշխարհագրություն մասնագիտացմամբ եւ Ուսման Դան Ֆոդիոյի համալսարանը բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Ունի մագիստրոսի գիտական կոչում: 2008թ. նշանակվել է Նիգերիայի դեսպան Իրանում:

 

Տպել էջը