Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը 14 հոկտեմբեր 2008թ.

15 հոկտեմբերի, 2008

Հոկտեմբերի 11-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի Նիկոպոլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը, որը տեղադրված է քաղաքի կենտրոնական պուրակում: Խաչքարի տեղադրումը նախաձեռնվել եւ իրականացվել է Նիկոպոլի հայկական համայնքի կողմից:

Խաչքարի օծման արարողությունը կատարեցին Դնեպրոպետրովսկի եկեղեցու քահանա Տեր Համազասպը եւ Նիկոպոլ քաղաքի ռուսական եկեղեցու քահանա Ռոման Կացնովեցկին:

Արարողությանը ներկա գտնվող Նիկոպոլի քաղաքագլուխ Սերգեյ Ստարունին իր ելույթում նշեց, որ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության հանդեպ, եւ խաչքարի տեղադրումն ունի նաեւ կանխարգելող նշանակություն նման ողբերգություններ թույլ չտալու առումով: Նա նշեց, որ Նիկոպոլի փոքրաթիվ հայկական համայնքը վայելում է քաղաքի իշխանությունների եւ հասարակության սերն ու հարգանքը եւ ակտիվորեն մասնակցում քաղաքի հասարակական կյանքին` իր նպաստը բերելով նրա զարգացման գործին: Ս.Ստարունին տեղեկացրեց, որ որոշվել է պուրակը, որտեղ տեղադրված է խաչքարը, անվանակոչել «Հայկական»:

ՀՀ դեսպանությունից խաչքարի բացման արարողությանը մասնակցող արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ջիվան Մովսիսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքի ղեկավարությանը համայնքի նախաձեռնությանն աջակցելու համար: Շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերված հոգատարության համար` նա նշեց, որ հայ համայնքը կարեւոր օղակ է Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում:

Բացման արարողությանը ելույթներ ունեցան քաղաքի պետական, հասարակական, մշակութային, գիտական, այլ ազգային փոքրամասնությունների, Ուկրաինայի հայերի միության, Դնեպրոպետրովսկի մարզային հայ համանքի ներկայացուցիչներ: Միջոցառումը լուսաբանվեց մարզային եւ տեղական լրատվության միջոցներով:
Տպել էջը