Սան Պաուլոյում կայացել է Ստեփան Նորայր Շահինյանի «Արմենիա» խորագրով ֆոտոալբոմի շնորհանդեսը 14 հոկտեմբեր 2008թ.

15 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 13-ին Սան Պաուլոյում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացավ Ստեփան Նորայր Շահինյանի հեղինակած «Արմենիա» խորագրով ֆոտոալբոմի շնորհանդեսը:

Գրքում իրենց արտացոլումն են գտել ոչ միայն Հայաստանի հինավուրց պատմամշակութային կոթողները եւ Հայաստանի բնապատկերը, այլ նաեւ հայ ժողովրդի կյանքին վերաբերող զանազան դրվագներ:

Իր ողջույնի խոսքում ՀՀ Գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը բարձր գնահատեց հեղինակի աշխատանքը` կարեւորելով գրքում արտացոլված հայ ժողովրդի ստեղծարար ուժը, հավատարմությունը համամարդկային եւ քրիստոնեական արժեքներին, ազատ ապրելու եւ արարելու աննկուն կամքը:

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան «Empresa das Artes» հրատարակչական ընկերության տնօրեն Ֆաբիո Աուգուստո Ավիլան, ինչպես նաեւ գրքի հեղինակ Ս.Ն. Շահինյանը, որն իր երախտագիտությունը հայտնեց պատմական հայրենիքում իրեն ցուցաբերած ջերմ հյուրընկալության եւ օժանդակության համար իր` Հայաստանը ներկայացնող աշխատանքի իրագործման մեջ:

Հավաքին ներկա էին Սան Պաուլոյի եւ Օզասկոյի քաղաքապետարանների պաշտոնյաներ, տեղի հայկական կառույցների ղեկավարներ եւ համայնքային հոծ բազմություն:
Տպել էջը