Նյու Դելիում տեղի է ունեցել ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակարանաշինության եւ քաղաքաշինության նախարարական համաժողովի բյուրոյի երկրորդ նիստը 14 հոկտեմբեր 2008թ
15 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 13-ին Նյու Դելիում տեղի է ունեցել ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակարանաշինության եւ քաղաքաշինության նախարարական համաժողովի բյուրոյի երկրորդ նիստը, որին մասնակցել են բյուրոյի անդամ երկրներ` Հայաստանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Հնդկաստանի եւ Իրանի պատվիրակությունները քաղաքաշինության նախարարների մակարդակով: Քննարկվել են Թեհրանում ս.թ. մայիսի 12-14-ը անցկացված նախարարական հանդիպման ժամանակ ընդունված Թեհրանի հռչակագրի եւ ասիական խաղաղօվկիանոսյան երկրների միջեւ քաղաքաշինության կայուն զարգացման խթանմանն առնչվող տարածաշրջանային համագործակցության գործողությունների ծրագրի դրույթների իրականացման գործընթացին առնչվող խնդիրներ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ս.թ. նոյեմբերի սկզբին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք քաղաքաշինության հարցերով Համաշխարհային չորրորդ ֆորումի օրակարգին, ինչպես նաեւ բնակարանային, քաղաքաշինության, բնական աղետների կառավարման ուղղություններով համագործակցության հնարավորությունների եւ հեռանկարներին վերաբերող հարցերին:
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը առանձին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի եւ Իրանի քաղաքաշինության նախարարներ Կումարի Սելջայի եւ Մոհամմադ Սաիդի Կիայի հետ:
Իրանի քաղաքաշինության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ժամանակներին նախապատրաստել եւ ստորագրել բնակարանաշինության եւ քաղաքաշինության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ Վարդան Թորոսյանը: