Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին 13 հոկտեմբեր 2008թ.

13 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար, տիկին Լայլի Մոշիրի-Գիլանիին (Laylee Moshiri-Gilani):

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հիմնադրամի շուրջ 14 տարվա գործունեությունը Հայաստանում, որն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթական վիճակի բարելավմանը:

Կողմերը քննարկեցին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընթացիկ ծրագրերի իրականացման եւ 2010-2014թթ.-ի ծրագրային փաստաթղթի մշակման հետ կապված հարցերը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Հազարամյակի զարգացման նպատակներից մանկական եւ մայրական առողջապահության ոլորտներում համագործակցության հարցերին:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում եւ խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել տիկին Մոշիրի-Գոլանիին իր գործունեության մեջ:
Տպել էջը