Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը 10 հոկտեմբեր 2008թ.
10 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 10-ին Բիշքեկում տեղի ունեցող ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:
Հանդիպումից հետո, հայ լրագրողների խնդրանքով արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե տարբեր մայրաքաղաքներում կարծիքներ են հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական առանցքային հարցերը համաձայնեցված են, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ հանդիպման քննարկվել են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման բանակցային մանրամասները, որոնք ընթանում են Մինսկի խմբի համանախագահների ,մադրիդյանե առաջարկությունների հիման վրա: Նա հավելել է. «Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերը համաձայնեցված են, ես ասել եմ, ու նորից կցանկանայի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցը ԼՂ-ի կարագավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Եւ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա»:
Ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների այն տեսակետներին, թե բանակցությունների ներկա փուլում Հայաստանը ոչ նպաստավոր դիրքում է գտնվում, ապա Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ չի կարծում, թե դրանք լուրջ վերլուծություններ են, ավելին, դրանք նման են հիվանդ երեւակայությունների:
Անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ կայացած հանդիպմանը եւ դրանց հնարավոր ազդեցությանը բանակցային գործընթացի վրա, նախարար Նալբանդյանը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո բանակցություններն ավելի ակտիվ փուլ կմտնեն եւ հնարավորություն կլինի նոր հանդիպումեր կազմակերպել: