Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը 09 հոկտեմբեր 2008թ.

09 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը` Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ, պատգամավորներ Դոմինիկ դը Բումանի (Dominique de Buman) եւ Ուելի Լոյենբերգերի (Ueli Leuenberger) գլխավորությամբ:

Շվեյցարիայի խորհրդարանականները երախտագիտություն հայտնեցին ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Նրանք բարձր գնահատեցին հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները` նշելով, որ դրանց հիմքում ընկած են Հայաստանի եւ Շվեյցարիայի ժողովուրդների միջեւ դարավոր պատմամշակութային կապերը:

Իր հերթին Գեղամ Ղարիբջանյանը գոհունակություն արտահայտեց հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է դրանց հետագա զարգացման ու խորացման գործում: Այդ համատեքստում նա բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտության դերը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի նոր նախագահի օրոք երկու երկրների միջխորհրդարանական կապերը եւս կշարունակեն զարգանալ: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով ՀՀ ԱԳ փոխնախարարը կարեւորեց Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայման ուղղությամբ տարվող աշխատանքը եւ արձանագրված առաջընթացը:

Երկուստեք հույս հայտնվեց, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տնտեսական կապերի խորացմանը:

Հյուրերի խնդրանքով փոխնախարար Ղարիբջանյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունների, արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների վերաբերյալ:
Տպել էջը