Մարսելի միջազգային տոնավաճառում նշվել է Հայաստանի օրը 04 հոկտեմբեր 2008թ. Ս.թ. հոկտեմբերի 3-ին Մարսելի 8
04 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 3-ին Մարսելի 84-րդ միջազգային տոնավաճառում նշվել է Հայաստանի օրը: Հայաստանի տաղավարում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել հարյուրավոր այցելուներ, ելույթներ են ունեցել Բուշ-դյու-Ռոնի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինին, ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը եւ Մարսելի 13 եւ 14-րդ սեկտորների թաղապետ, Մարսելի Հայ մշակույթի եւ երիտասարդության տան տնօրեն Կարո Հովսեփյանը: Ջերմ ելույթով հանդես է եկել նաեւ ջազային կոմպոզիտոր, ֆրանսիական M6 հեռուստատեսության «Նոր Աստղ» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ Անդրե Մանուկյանը, որը Հայաստանի տաղավարի պատվո հյուրն էր:
Հայաստանի տաղավարը Մարսելի միջազգային տոնավաճառում անընդմեջ գործում է 1991 թ. ի վեր` Մարսելի Հայ մշակույթի եւ երիտասարդության տան նախաձեռնությամբ եւ Բուշ-դյու-Ռոնի Գլխավոր խորհրդի աջակցությամբ: Այս տարի Հայաստանի տաղավարը զբաղեցնում է 150քմ տարածք: Հայկական գյուղմթերքների, արտադրանքների, արհեստագործական իրերի հարեւանությամբ այս անգամ ցուցադրվում էին նաեւ Հայաստանի եւ հայերի մասին բազմանուն հրատարակություններ, տեսա եւ երաժշտական սալիկներ:
Հայաստանի օրվա շրջանակներում նույն օրը Տոնավաճառի ժողովասրահում, Մարսելի Հայ-ֆրանսիական առեւտրի եւ արդյունաբերության պալատի կազմակերպմամբ, տեղի է ունեցել բանավեճ-քննարկում` նվիրված Հայաստանի տնտեսության ներկա վիճակին եւ ներդրումային հնարավորություններին: