Սան Պաուլոյի նահանգի Գրականության ակադեմիայում կայացավ ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ երեկո 03 հոկտեմբեր 2008թ.

03 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 2-ին Սան Պաուլոյի նահանգի Գրականության ակադեմիայում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացավ ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ երեկո:

Ներածական խոսքով ներկաներին դիմեց Գրականության ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ժոզե Ռենատո Նալինին: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ ՀՀ Գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը, որը մասնավորապես անդրադարձավ հայազգի տաղանդավոր գրողի գրական ժառանգությանը, իր կարճ պատմվածքի ժանրում արտացոլված սոցիալական եւ հոգեբանական թեմաներին, գրողի անսպառ մարդասիրական մոտիվներին: Ընդգծվեց նաեւ, որ, չնայած Վ. Սարոյանը ստեղծագործել է անգլերեն լեզվով, նա հավատարիմ է մնացել իր հարազատ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային արժեքներին, ինչը հիրավի հանդիսանում է միջմշակութային երկխոսության լավագույն օրինակ:

Երեկոյի բանախոսն էր Բրազիլիայի հայազգի գրականագետ, պրոֆեսոր Սոսի Ամիրալյանը, որն իր ելույթում հանգամանորեն կանգ առավ մեծ գրողի ստեղծագործական կյանքի հիշարժան պահերի վրա` անդրադարձ կատարելով գրողի աշխատություններում արտահայտված փիլիսոփայությանը:

Հավաքին ներկա էին Սան Պաուլոյի Գրականության ակադեմիայի անդամները, տեղի հայկական կառույցի ներկայացուցիչները եւ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները:

Տպել էջը