ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 52-րդ խորհրդաժողովի աշխատանքներին 03 հոկտեմբեր 2008թ.
03 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 52-րդ խորհրդաժողովի աշխատանքներին:
Հոկտեմբերի 3-ին Ա.Կիրակոսյանը վեհաժողովում հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՀ եւ ԱԷՄԳ միջեւ համագործակցության, Հայկական ատոմակայանի շահագործման եւ նրա անվտանգության ապահովման հետ կապված ծրագրերն ու հարցերը, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքները: ԱԳ փոխնախարարն իր ելույթում նաեւ անդրադարձավ գործող ատոմակայանի շահագործման եւ նոր ատոմակայանի կառուցման հարցերի շուրջ ՌԴ, ԱՄՆ եւ Եվրամիության հետ իրականացվող համագործակցության ծրագրերին:
Մինչ այդ` հոկտեմբերի 1-ին Ա.Կիրակոսյանը ԱԷՄԳ միջուկային անվտանգության եւ ապահովության բաժնի տնօրեն Անիտա Նիլսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկեց Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված համագործակցության հարցերը: Հանդիպումից հետո Ա.Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց ԱԷՄԳ-ի, Հայկական ատոմակայանի եւ հայկական «EnergyRepairGarant» ընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Համաձայնագիրը Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր է, որն այդ ոլորտում ԱԷՄԳ-ի մինչ այդ եղած ծրագրերից ամենախոշորն է: Ծրագրի գումարը` 1 մլն. 580 հազար եվրո, ԱԷՄԳ միջուկային անվտանգության հիմնադրամին տրամադրել է բրիտանական կառավարությունը:
Ավստրիա իր այցի շրջանակներում Ա.Կիրակոսյանը հանդիպում ունեցավ նաեւ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները: