ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում 26 սեպտեմբեր 2008թ. ՀՀ նախագահ Սերժ

29 սեպտեմբերի, 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս. թ. սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի հետ` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/ — ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Հանդիպման օրակարգում է եղել Մինսկի խմբի շրջանակներում 2007 թ. համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացքող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: Հանդպման ընթացքում վերահաստատվել է, որ հիմնախնդրիը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով:

Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են հիմնախդնրի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցման ուղիները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները` երկու երկրների նախագահների հանձնարարութունների հիման վրա, շարունակել են երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումները:
Այնուհետեւ կայացել է եռակողմ ձեւաչափով հանդիպումը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որին քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները եւ կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը:

Սեպտեմբերի 26-ին նախարար Նալբանդյանը որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նախագահ աշխատանքային ճաշ է տվել Նյու-Յորքում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների պատվին: Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ դիրքորոշումների համակարգման հետ կապված հարցեր:
Տպել էջը