ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ արտաքին հարաբերությունների հարցերով պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենին 29 սեպտեմբեր 2008թ.
29 սեպտեմբերի, 2008Ս. թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ արտաքին հարաբերությունների հարցերով պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենին:
Ողջունելով Նորվեգիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում եւ բարձր են գնահատում Նորվեգիայի ժողովրդի աջակցությունը 1988թ. երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման գործընթացին, որին անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենը, ով աշխատել է Հայաստանում նորվեգական Կարմիր խաչի կազմակերպությունում եւ Սպիտակի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոցում:
Էդվարդ Նալբանդյանը, ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կարեւորեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Ռայմոնդ Յուհանսենն իր հերթին նշեց, որ Նորվեգիան կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյնաը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: