Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ղեկավար
23 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 16-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) Գլխավոր տնօրեն Մուհամեդ Էլ Բարադեյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Գլխավոր տնօրենը ողջունեց դեսպան Ա.Հովակիմյանին եւ իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: Գլխավոր տնօրենն անհրաժեշտության դեպքում իր օժանդակությունն առաջարկեց ՀՀ նորանշանակ ներկայացուցչին:
Դեսպան Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցությունը: Նա ներկայացրեց էներգետիկայի ոլորտում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձավ տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Երկու կողմերը հետագայում եւս արդյունավետ համագործակցության շարունակման հույս հայտնեցին:
Նույն օրը Աշոտ Հովակիմյանն իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը հանձնեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելային:
Պարոն Յումկելան իր խոսքում ողջունեց ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին եւ շնորհակալություն հայտնեց նրան այցելության համար: Գլխավոր տնօրենը խոսեց վերջին երեք տարիների ընթացքում կազմակերպությունում կատարված բարեփոխումների մասին եւ ներկայացրեց կառույցի հետագա նպատակներն ու ծրագրերը:
Դեսպան Ա.Հովակիմյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ անդրադարձավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ ՀՀ միջեւ առկա խնդիրներին: Դեսպանը կարեւորեց գործնական բնույթի համագործակցությունը կազմակերպության հետ` շեշտելով բնապահպանության բնագավառում համատեղ նախագծերի, ինչպես նաեւ գյուղական շրջանների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: