Մինսկում եւ Սան Պաուլոյում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ 23 սեպտեմբեր 2008թ.

23 սեպտեմբերի, 2008

Մինսկ. Ս.թ. սեպտեմբերի 19-ին Բելառուսի մամուլի ազգային կենտրոնում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի մամուլի ասուլիսը` նվիրված Հայաստանի անկախության 17-րդ տարելիցին։

Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստանի անկախության 17 տարիների անցած ուղին, երկրի ներքաղաքական զարգացումները, արդի տնտեսական կացությունը եւ հետագա առաջընթացի նախադրյալները, հայ-բելառուսական հարաբերություններում հաստատված բարեկամական մթնոլորտը եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ծավալներն ու դրանց աճի նախադրյալները։

Նույն օրը Մինսկի «Պլանետա» հյուրանոցի ընդարձակ դահլիճում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպանության պաշտոնական ընդունելությունը` նվիրված Հայաստանի անկախության 17-րդ տարելիցին։ Ընդունելությանը ներկա ավելի քան 300 հյուրերի թվում են եղել Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական, մշակույթի գործիչներ, Համայն Բելառուսի պատրիարքական փոխանորդը, Հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ Բելառուսի էկոնոմիկայի նախարար Ն. Զայչենկոն, առաջին փոխարտգործնախարար
Ի. Պետրիշենկոն, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման խոսք են ասել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը եւ առաջին փոխարտգործնախարարը։

Սան Պաուլո. Հայաստանի Հանրապետության անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյի Հայկական ակումբում (Clube Armenio) կայացել է տոնական հանդիսություն:

Ելույթում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, շնորհավորելով ներկաներին Մայր Հայրենիքի վերածննդի առիթով, մասնավորապես անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անցած ուղուն, համահայկական բնույթի խնդիրներին, Հայաստանի դերակատարությանը տարածաշրջանում, վերջին զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Տպել էջը