Հանդիպումներ Սփյուռքի պետական կոմիտեում 23 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբերի 22-ին ԱԳՆ-ում Սփյուռքի պետական

23 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 22-ին ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ վերապատվելի դոկտոր Ռընե Ներսես Լեւոնյանին:

Կողմերը քննարկեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում առկա հարցերը, ստեղծվելիք Սփյուռքի նախարարության հիմնական գործառույթներն ու ծրագրերը, ինչպես նաեւ նախարարության եւ Հայ ավետարանական եկեղեցու միջեւ փոխհամագործակցության եզրերը:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ստեղծվելիք նախարարության ծրագրերը համահայկական մասնագիտական հանձնախմբեր ստեղծելու վերաբերյալ, որը կնպաստի յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրների առավել արդյունավետ եւ նպատակային լուծմանը, բարձր տեխնոլոգիաների միջոցով համահայկական ցանցի ստեղծմանը, հեռուստակամուրջների, տեսակոնֆերանսների անցկացմանը եւ «Արի տուն» ծրագրի իրականացմանը:

Տիկին Հակոբյանի հավաստմամբ պատասխանեց, որ ստեղծվելիք Սփյուռքի նախարարությունում կաշխատեն նաեւ սփյուռքահայեր:

Հրանուշ Հակոբյանը կարեւորեց համահայկական բոլոր կառույցների հետ համատեղ եւ ներդաշնակ աշխատանքի կազմակերպումը եւ հույս հայտնեց, որ Հայ ավետարանական եկեղեցին եւս կմասնակցի իրականացվող ծրագրերին:

Հաջորդ օրը Հրանուշ Հակոբյանն ընդունեց նաեւ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին` իրաքահայ թեմի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրաքահայերի հիմնախնդիրները, երկուստեք խոսվեց Իրաքում 2004 թվականին հիմնադրված Ազգային վարժարանի մասին, եւ միաժամանակ Սրբազանն ուշադրություն հրավիրեց կրթօջախում հայոց լեզվի որակյալ ուսուցման կարեւորության վրա:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց իրաքահայ թեմի Ազգային կենտրոնական վարչության հետ համագործակցության վերաբերյալ:
Տպել էջը