Հունաստանի Խալանդրի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի անկախության 17-ամյակին նվիրված հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության երեկո 23 սեպտեմբեր 2008թ.
23 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 17-ին, Խալանդրիի Ռեմաթիաս թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի անկախության 17-ամյակին նվիրված հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության երեկո` կազմակերպված ՀՀ դեսպանության եւ Խալանդրիի քաղաքապետարանի կողմից:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը եւ Խալանդրիի քաղաքապետ Գրիգորիս Զաֆիրոպուլոսը (Grigoris Zafiropoulos): Դեսպան Կաժոյանը, անդրադարձ կատարելով հայ-հունական դարավոր ջերմ հարաբերություններին, ներկայացրեց Հայաստանի ու Արցախի երիտասարդ հանրապետությունների ներկան ու բարեկեցիկ ապագա կառուցելու վճռականությունն ու արվող քայլերը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Խալանդրիի քաղաքապետարանին` 2005թ.-ից ՀՀ դեսպանության Խալանդրիում հաստատվելուց ի վեր ցուցաբերած մշտական աջակցության ու համագործակցության պատրաստակամության համար:
Քաղաքապետ Զաֆիրոպուլոսն, իր հերթին խոսելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, հաստատեց իրենց պատրաստակամությունը իրականացնելու միջոցառումներ, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների առավել մերձեցմանը:
Դեսպանն ու քաղաքապետը փոխանակեցին օրը խորհրդանշող հուշատախտակներ:
Այնուհետեւ, պարային ելույթներով հանդես եկան «Համազգային» մշակութային միության Հունաստանի շրջանային վարչության եւ հունական «Մարկոս Բոցարիս» պարախմբերը: