Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի այցը Արիզոնա 23 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբերի

23 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 19-21-ը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում՝ տեղի հայ համայնքի հրավերով:

Արմեն Լիլոյանը այցի ընթացքում հանդիպել է Տեմպիի քաղաքապետ Հյու Հոլմանին: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընտրվելիք քաղաքի հետ քույրացման, աջակցության եւ ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Շոշափվել է նաեւ Տեմպիում գտնվող ԱՄՆ ամենախոշոր՝ Արիզոնայի պետական համալսարանում Հայաստանի ուսանողների ուսման համար կրթաթոշակներ սահմանելու հարցը:

Քաղաքապետը ՀՀ գլխավոր հյուպատոսին է հանձնել 2008թ. սեպտեմբերի 21-ը Տեմպիում Հայաստանի անկախության օր հայտարարելու մասին հռչակագիրը:

Գլխավոր հյուպատոսը դասախոսությամբ հանդես է եկել Արիզոնայի պետական համալսարանի ռուսաստանյան, եվրասիական եւ արեւելաեվրոպական ուսումնասիրությունների Մելիքյան կենտրոնի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ: Ներկայացվել են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ մարտահրավերները, տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկությունները:

Արիզոնայի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո տեղի է ունեցել գլխավոր հյուպատոսի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Հայաստանի անկախության օրվա խորհրդին` Արմեն Լիլոյանը նշել է երկրի արձանագրած հաջողությունները, առկա խնդիրները եւ արտաքին քաղաքական հիմնական խնդիրները: Ընդգծվել է հայ համայնքի դերը Հայաստանի զարգացման հարցում, ներկայացվել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հեռանկարները:

Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Արիզոնայի նորաստեղծ Հայ-ամերիկյան առեւտրի պալատի ներկայացուցչի հետ: Քննարկվել են Արիզոնայի եւ Հայաստանի միջեւ ուղղակի առեւտրային կապեր հաստատելու հնարավորությունները, Կալիֆորնիայի եւ Արիզոնայի հայ գործարարների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Սկոթսդեյլում տեղակայված հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին նվիրված համերգ՝ Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Զարասյանի կատարմամբ: Ներկա են եղել տեղական իշխանությունների, Արիզոնայում տեղակայված օտարերկրյա հյուպատոսական անձնակազմի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-ին գլխավոր հյուպատոսը ներկա է գտնվել Արիզոնայի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցած պատարագին:
Տպել էջը