ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր hավատարմագրերի պատճենը 21 սեպտեմբեր 2008թ. Ս.
21 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության կատարման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդմանը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յովանովիչն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Նա ընդգծեց, որ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին իրադարձություններին` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է:
Դեսպանի խնդրանքով ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը իր թուրք գործընկերոջը եւ վերջինիս այցը Հայաստան պատմական հնարավորություն ընձեռեցին հարաբերությունների կարգավորման համար:
ԱՄՆ նորանշանակ դեսպանը հավաստիացրեց, որ կձեռնարկի առավելագույնը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման նպատակով: