ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Իրանում 16 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբերի 16-ին մեկնարկեց ՀՀ

16 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 16-ին մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Հանդիպման սզկբում նախարար Նալբանդյանը Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահը քննարկեցին տարածաշրջանում վերջին զարգացումները: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ճգնաժամի օրերին Իրանի տարածքով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների տեղափոխմանն աջակցելու համար:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, լայն իրավապայմանագրային դաշտ, կյանքի են կոչվում տնտեսական համագործակցության բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր եւ պատրաստակամություն հայտնվեց առավել զարգացնել փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Մահմուդ Ահմադինեջադը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում համագործակցության եւ կայունության հաստատման վերաբերյալ:

Իրանի նախագահը կարեւորելով Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը, նշեց, որ Իրանում ուրախ կլինեն հյուրընկալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Իրանի մայրաքաղաքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ էր:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

 

Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը: Երկուստեք նշվեց նաեւ, որ տնտեսական համագործակցության բնագավառում գոյություն ունի մեծ ներուժ:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման օգտին: Նրա բնորոշմամբ, Հայաստանը գտնում է, որ յուրաքանչյուր վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով:

Մանուչեհր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներն ու հեռանկարները: Նախարար Նալբանդյանի խոսքերով, համապատասխան քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարելի է հասնել այս հիմնախնդրի լուծմանը, որի հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը:
Նախարար Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի տեսակետները:

Անդրադառնալով երկկողմ մշակութային հարաբերություններին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Իրանի իշխանությունների կողմից հայկական պատմա-մշակութային կոթողների նկատմամբ հոգատար վերաբերմունքը` վկայակոչելով Իրանի հայկական երկու նշանավոր կոթողների` Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Թադեւոս Առաքյալի վանքերի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հուշարձանների նկատմամբ Իրանի հոգատար վերաբերմունքի վկայություն:

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւեց մամլո ասուլիս:

Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորեց ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի կապակցությամբ, որի դրսեւորումներից մեկը ԻԻՀ Մեջլիսում հայ համայնքի երկու պատգամավորների ներկայությունն է:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը` որպես ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման կարեւոր միջոց:

Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սաիդ Ջալիլին անդրադարձան վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին եւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների համագործակցության հնարավորությունները:

Թեհրանում գնտվելու ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ դեսպանության անձնակազմի հետ, ծանոթացավ հյուպատոսական բաժնի աշխատանքներին:

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին ընթրիք տվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատվին:

Երեկոյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի այցելությունը «Արարատ» մարզա-մշակութային կազմակերպություն, ուր հանդիպում տեղի կունենա իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տպել էջը