Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը այցելեց Դելի 15 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբերի 12-ից 14-ը Դելիի Գլխավոր նախարար Շեյլ
15 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 12-ից 14-ը Դելիի Գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի հրավերով Հնդկաստանի մայրաքաղաքում էր գտնվում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում Երեւանի քաղաքապետը հանդիպումներ ունեցավ Դելիի Գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի եւ Դելիի քաղաքապետ Արթի Մեհրայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջեւ համագործակցության հեռանկարները:
Դելիի քարտուղարությունում Երեւանի քաղաքապետն ու Դելիի գլխավոր նախարարը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Երեւան եւ Դելի բարեկամ քաղաքների միջեւ: Արարողությանը ներկա էին Դելիի կառավարության անդամները, գլխավոր քարտուղարը, այլ պաշտոնյաներ:
Սրոգրման արարողությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Երեւանի քաղաքապետը եւ Դելիի Գլխավոր նախարարը ներկայացրեցին այցի մանրամասները, նշելով երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ընդգծեցին հետագա համագործակցության հեռանկարային հետեւյալ ուղղությունները. քաղաքաշինություն, կրթություն, մշակույթ, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ դեսպանության շենքի դիմաց գտնվող այգում տեղի ունեցավ Հայաստանի փողոցի (Armenia Street) բացման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Դելիի եւ Երեւանի քաղաքապետները:
Իրադարձությունն ուներ պատմական նշանակություն, քանզի Հնդկաստանի տարածքում սա առաջին փողոցն է որը կկրի Հայաստանի անունը (Կալկաթայում եւ Չեննայում կան հայկական փողոցներ): Այնուհետեւ ՀՀ դեսպանության շենքում իրադարձության կապակցությամբ անցկացվեց ընդունելություն: Ողջունելով հյուրերին, դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորեց բոլոր հրավիրվածներին պատմական իրադարձության առիթով: Տոնական միջոցառումներին ներկա էին պաշտոնյաներ Հնդկաստանի կառավարությունից, ԱԳՆ-ից, Դելիի քաղաքապետարանից, Գլխավոր նախարարի գրասենյակից, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Կալկաթայի հայ եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներ, հնդկահայոց հովիվ եւ Կալկաթայի մարդասիրական վարԺարանի կառավարիչ Օշական Գյուլգյուլյանը:
Այցի շրջանակներում Երեւանի քաղաքապետն այցելեց Դելիի մետրո, ծանոթացավ 2010 թվականին Դելիում կայանալիք Համագործակցության խաղերի (Commonwealth Games) շինարարական օբյեկտների աշխատանքներին, պատմամշակութային նշանակություն ունեցող կոթողներին, ծաղկեպսակ դրեց Հնդկաստանի առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիրում:
Այցի լայնորեն լուսաբանվում էր Հնդկաստանի լրատվամիջոցներում:
Ս.թ. սեպտեմբերի 15-ի Երեւանի քաղաքապետի ղեկավարած պատվիրակությունը վերադարձավ Երեւան: