ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Թբիլիսի 12 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբերի 12-ին մեկնարկեց Հ

15 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 12-ին մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Վրաստան:

Թբիլիսի ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Էկա Տկեշելաշվիլու հետ:

Զրուցակիիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանում վերջին զարգացումները եւ ստեղծված իրավիճակից ելքի հնարավորությունները: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ միջազգային հանրության ջանքերն ուղղված առկա հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանը ճանապարհ կհարթեն խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման համար:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց, Վրաստանի իշխանություններին Աջարիայում հանգստացող հայ զբոսաշրջիկներին անվտանգ կերպով Հայաստան վերադարձնելու գործում ցուցաբերած աջակցության համար:
Եկա Տկեշելաշվիլու խնդրանքով, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը միջազգային կազմակերպություններում:

Էդվարդ Նալբանդյանը իր վրացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպմանը հետեւեց մամուլի ասուլիս:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ էր: Վրաստանի կառավարութունում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընգծելով Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծման եւ Հայաստանից արտահանման ուղիների անխափան գործելու կարեւորությունը, շնորհակալություն հայտնեց Վրաստանի կառավարությանը խաթարված երկաթուղային գծի վերականգնման եւ այդ հարցում Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամության համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Լադո Գուրգենիձեն քննարկեցին երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի արտգործնախարարն ու Վրաստանի վարչապետն անդրադարձան նաեւ երկկողմ տնտեսական համագործակցությանը, կարեւորվեց միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի շուտափույթ անցկացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների մոտալուտ հանդիպման հնարավորությունը:
Նախարար Նալբանդյանն ու վարչապետ Գուրգենիձեն քննարակեցին նաեւ վիրահայությանը մտահոգող խնդիրները:

Նույն օրը նախարար Նալբանդյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նախարար Նալբանդյանը իր հերթին նշեց, որ Հայաստանը, թերեւս, հարեւան երկրում կայունության, անվտանգության եւ խաղաղության մեջ ամենաշահագրգռված երկրներից է, ոչ միայն այն պատճառով, որ մեր ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը անցնում է Վրաստանի տարածքով, այլ որ երկու հարեւան երկրներին եւ ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը:

Միխեիլ Սաակաշվիլու խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր:

Սեպտեմբերի 13-ին Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում ՀՀ դեսպանությունում հանդիպեց վիրահայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա նաեւ անդրադարձավ Հայաստանում ստեղծվելիք Սփյուռքի հարցերով նախարարության գործառույթներին:

Նույն օրը նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:
Տպել էջը