ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց գերմանական Քրոնիմետ ընկերության նախագահ Գյունթեր Պիլարսկուն 15 սեպտեմբեր 2008թ.

15 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց գերմանական Քրոնիմետ ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու (Guenter Pilarsky) գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանիայի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարարներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր, որոնց թվում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ներդրումներ կատարած Գ. Պիլարսկու կողմից ղեկավարվող «Քրոնիմետ-Գրուփ» ընկերության գործունեությունը եւ հեռանկարները:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը հանդիսանում է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, եւ Հայաստանը շահագրգիռ է այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացմամբ:

Անդրադարձ կատարվեց Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գերմանական ներդրումները ընդլայնելու հնարավորությանը:
Տպել էջը