Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին 13 սեպտեմբեր 2008թ.

15 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 13-ին ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղիների վերաբերյալ` ընդգծելով նոր ծրագրերի եւ մտահղացումների իրականացման անհրաժեշտությունը:

Տիկին Հակոբյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել է համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության հայաստանյան գրասենյակի հետ, մասնավորապես ընթացք է տրվել Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին:



Հրանուշ Հակոբյանը կարեւորեց Հայաստանում եւ Սփյուռքում աջակցությունը հայագիտական ամբիոններին, սփյուռքագիտության ոլորտում մասնագետների պատրաստումը, էլեկտրոնային գրադարանի ստեղծման միջոցով հայ դասականների ստեղծագործությունների թվայնացումը:

Պարոն Աբրահամյանն իր հերթին ողջունեց սկսված լավ աշխատանքներն ու ծրագրերը եւ իր պատրաստակամությունը հայտնեց մասնակից դառնալ ու աջակցել նշված ձեռնարկումներին:

Հրանուշ Հակոբյանն ու Արա Աբրահամյանը պայմանավորածություն ձեռք բերեցին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության հովանու ներքո Վայոց ձորի մարզում կառուցել Սփյուռքի կրթամշակութային միջազգային կենտրոն, որի ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է կվերցնի Արա Աբրահամյանը:
Տպել էջը