Ֆինլանդիայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր hավատարմագրերի պատճենը 11 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբ

11 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Պետրի Սալոյին (Petri Salo) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ ընդգծեցին դրանց առավել ակտիվացման եւ երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է 2009թ. Հելսինկիում դեսպանություն հիմնել:

Մասնավորապես, նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆինլանդիայի նախագահության ընթացքում ԵԱՀԿ կողմից ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում կայունության հաստատման եւ անվտանգության պահպանման գործում:

Անդրադարձ կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցին` նախարար Նալբանդյանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: Իր հերթին դեսպան Սալոն ողջունեց երկու երկրների քաղաքական կամքը` ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ստեղծմանը:

Տեղեկանք : Պետրի Սալոն ավարտել է Ֆինլանդիայի Աբո ակադեմիան, մասնագիտությունը` քաղաքագիտություն: Դիվանագիտական աշխատանքը սկսել է 1989թ.` տարբեր պաշտոններ զբաղեցնելով Ֆինլանդիայի ԱԳ նախարարության ստորաբաժանումներում եւ միջազգային ներկայացուցչություններում: 2005-2008թթ. աշխատել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում` որպես Հարեւան տարածաշրջանային համագործակցության բաժնի պետ: Տիրապետում է ֆիններեն, շվեդերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ բուլղարերեն լեզուներին:
Տպել էջը