ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 08 սեպտեմբեր 2008թ.

08 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի խաղին ներկա գտնվելու նպատակով Երեւան ժամանած թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Պատասխանելով Հայաստանի նախագահի հրավերով Թուրքայի նախագահի Երեւան կատարած այցի մասին հարցին, նախարար Նալբանդյանը այն բնորոշել է որպես պատմական այցելություն, որy կարող է լուրջ խթան լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար, ինչն իր հերթին կնպաստի մեր տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը:

Էդվարդ Նալբանդյանն ընգծեց, որ Հայաստանը անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները իր հարեւան երկրի հետ, եւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներից հետո, հայկական կողմի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նույն ցանկություն ունեն նաեւ Թուրքիայի ղեկավարները:

Վերլուծելով Հայաստան Թուրքիայի նախագահի այցի միջազգային արձագանքները, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը բեւեռել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը եւ այն դարձել էր միջազգային լրատվության թիվ մեկ լուրը, իսկ դիվանագիտական բառապաշարի մեջ մտավ «ֆուտբոլային դիվանագիտություն» հասկացությունը:

Հանդիպման վերջում, շնորհակալություն հայտնելով թուրք հեղինակավոր լրագրողներին, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ նրանց հարցերը, ինչպես նաեւ նախկինում հրապարակված հոդվածները դրական են լուսաբանել Հայաստանի նախագահի հրավերը եւ նպաստել այցի իրականացմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրք լրագորղներն, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին ջերմ եւ անմիջական զրույցի համար, հավաստիացնելով, որ շարունակելու են հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց ջանքերը:
Տպել էջը