ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին 06 սեպտեմբեր 2008թ.
07 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը` համարելով այն ժողովուրդների միջեւ հարաբերությունները զարգացնելու լուրջ բեմահարթակ:
Գյորան Լենմարկերի խնդրանքով, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, նախարար Նալբանդյանը նշեց, որ ս.թ. հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, վերջիններս հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ, 2007 թ. նոյմեբերին ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Կողմերը, վկայակոչելով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, նշեցին, որ հիմնախնդրների կարգավորումը կարող է լինել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել բոլոր խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն, եւ որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուղղված է կովկասյան տարածաշրջանում կայունության, անվտանգության ու համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարավեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային խնդիրների: