ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը 07 սեպտեմբեր 2008թ.
07 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխխոսնակ Լուբոմիր Զաորալեկի գլխավորությամբ:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները: Նա ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի սերտացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրերի խնդրանքով փոխնախարար Ղարիբջանյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման ու համագործակցության խորացման օգտին: Նա նաեւ վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես երկխոսության եւ խաղաղ բանակցությունների ճանապարհով: