Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները արտահայտեցին երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը 07 սեպտեմբեր 2008թ.
07 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 6-ի լույս 7-ի կեսգիշերին սկսվեց Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը, որը տեւեց մոտ երկուսուկես ժամ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի նախագահի ղեկավարած բարձրաստիճան պատվիրակության այցին Հայաստան, ինչը երկու երկրների ղեկավարության միջեւ երկխոսության լայն հնարավորություններ է ստեղծում: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, դա լավ սկիզբ է, որն իր դրական շարունակությունը կունենա:
ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին եւ նշեց, որ Հայաստանը նախագահ Գյուլի այցը դիտում է որպես այդ ուղղությամբ լուրջ խթան:
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները արտահայտեցին երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը: Նշվեց, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են հետեւողական քայլեր:
Նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը պայմանավորվեցին հանդիպել ս.թ. սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը մանրամասն քննարկեցին նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Այս առումով նախարար Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմն ողջունում է պլատֆորմի ստեղծման գաղափարը, որն ուղղված է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: