Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Լիբանանի մշակույթի օրերի շրջանակներում Երեւանում գտնվող լիբանանցի եւ լիբանանահայ մշակութային գործիչների հետ
29 օգոստոսի, 2008Ս.թ. oգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Լիբանանի մշակույթի օրերի շրջանակներում Երեւանում գտնվող լիբանանցի եւ լիբանանահայ մշակութային գործիչների հետ, որոնց կազմում էին բանաստեղծ Հենրի Զղեիբը, «Սաֆադի» ասոցիացիայի գլխավոր մենեջեր Ռիադ Ալամեդդինը, «Ֆայհա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Պարգեւ Թասլաքյանը եւ այլք:

Հանդիպման սկզբում տիկին Հակոբյանը խոսեց հայ-լիբանանյան բարեկամական ջերմ հարաբերությունների մասին: Նա ասաց, որ հայ ժողովուրդը միշտ մեծ հարգանքով ու սիրով է լցված արաբական աշխարհի հանդեպ, քանի որ այդ երկրներն իրենց դռները բացեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերի առջեւ:
Տիկին Հակոբյանն կարեւորեց մեր երկրների միջեւ մշակութային կապերի զարգացումը, որը էական զենք է ծառայում ազգերի միջեւ հարաբերությունների խորացման եւ ջերմացման գործում: Նա առաջարկեց մի շարք ծրագրեր, որոնք կարելի է իրականացնել երկու երկրների մշակութային գործիչների համատեղ ուժերով:
Հրանուշ Հակոբյանը ափսոսանքով խոսեց պատերազմական դրության հետեւանքով Լիբանանում հայերի թվի կրճատման մասին` միաժամանակ նշելով, որ այդ հանգամանքը չի խոչընդոտում` Լիբանանի հայ համայնքը համարելու հայկական սփյուռքի ամենակազմակերպված եւ հայեցի համայնքներից մեկը:
Բանաստեղծ Հենրի Զղեիբը նույնպես բարձր գնահատեց երկու երկրների միջեւ մշակութային կապի խորացումն ու զարգացումը: Խոսելով Լիբանանում հայկական սփյուռքի մասին` նա նշեց, որ Լիբանանի մշակույթի վրա անջնջելի հետք են թողել հայերը:
Ռիադ Ալամեդդինը կարեւորեց Հայաստանում Լիբանանի մշակույթի օրերի անցկացումը եւ ասաց, որ իրենք եւս առաջարկել են Լիբանանում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր` հայ եւ լիբանանցի երիտասարդ մշակութային գործիչներին միմյանց հետ ծանոթացնելու եւ համատեղ գործեր իրականացնելու համար: