Շրի Լանկայում ՀՀ դեսպանը մասնակցել է Կոլոմբոյում տեղի ունեցած Հարավասիայի 15-րդ գագաթաժողովին 04 օգոստոս 2008թ.

04 օգոստոսի, 2008

Ս.թ. օգոստոսի 2-ից 3-ը Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տեղի է ունեցել Հարավասիական տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի 15-րդ Գագաթաժողովը (SAARC-South Asian Association for Regional Cooperation):

Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցել են կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող ԱՄՆ, ԵՄ, Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի պատվիրակությունները, Շրի Լանկայում օտարերկրյա դեսպանները: Հայաստանը գագաթաժողովում ներկայացրել է Շրի Լանկայում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Գագաթաժողովի լիագումար նիստում ելույթով հանդես են եկել կազմակերպության անդամ երկրների (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Աֆղանստան, Մալդիվներ, Շրի Լանկա, Նեպալ, Բութան) պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, որոնք կոչ են արել համախմբել ջանքերը եւ սերտորեն համագործակցել ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ: Ելույթներում անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սննդի անվտանգության, գյուղատնտեսության, չքավորության կրճատման, գիտության եւ կրթության, տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների, տարածաշրջանային նախագծերի իրականացման մեխանիզմների խնդիրներին:

Գագաթաժողովն ընդունել է Կոլոմբոյի Հռչակագիրը, ստորագրվել են Հարավասիական տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի զարգացման հիմնադրամի ստեղծման եւ քրեական խնդիրներում փոխադարձ օժանդակությանն առնչվող փաստաթղթեր:

Կոլոմբո կատարած այցի շրջանակներում դեսպան Քոչարյանը հանդիպումներ եւ առանձնազրույցներ է ունեցել Շրի Լանկայի ԱԳ, ձեռնարկությունների զարգացման եւ ներդրումների խրախուսման, սպորտի եւ հասարակական վերականգնման խնդիրների նախարարությունների պաշտոնյաների, ինչպես նաեւ գործարարների հետ: Քննարկվել են հայ-շրիլանկյան առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները:
Տպել էջը