ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովին 04 օգոստոս 2008թ.

04 օգոստոսի, 2008

Օրերս ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի աշխատանքներին:

Իր ելույթում նա նշեց, որ Հանրապետության Նախագահն իր ծրագրային բոլոր ելույթներում խոսում է գիտելիքի վրա հիմնված տնտեսության եւ հասարակության կառուցման մասին: Անդրադառնալով վարչապետ Տ. Սարգսյանի առաջադրած` «հայկական աշխարհը» կերտելու խնդրին` Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց, որ կիրթ հասարակությունն ազգային արժեք է, ազգի հզորության չափանիշ, իսկ կրթության գործի հիմնական կրողը եւ «հայկական աշխարհի» կերտմանը նպաստողը ուսուցիչն է, քանի որ հենց նա է երեխաներին դաստիարակում հայրենասիրության, մայրենի լեզվի եւ գրականության ու հայոց պատմության հանդեպ սիրո ոգով:

Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահն ընդգծեց սփյուռքահայ ուսուցիչների սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք` որպես հայ գրի դեսպաններ, կարողանան հայերենը վառ պահել Սփյուռքում:

Տիկին Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն ՀՀ կրթության նախարարության հետ համատեղ ձեռնամուխ է եղել հայագիտական առարկաների ուսուցումը համակարգչի միջոցով կազմակերպման ծրագրի իրականացմանը:

Իր ելույթում տիկին Հակոբյանը նաեւ հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, այն է` ստեղծել «հայ ուսուցիչ» կայքը, միավորել բոլոր հայ ուսուցիչներին «հայ ուսուցիչների ընկերակցություն» կազմակերպության մեջ, ինչը նոր որակ կհաղորդի Հայրենիք-Սփյուռք գործակցությանը:-
Տպել էջը