ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա.Կիրակոսյանն ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի հայ-հունգարական բարեկամության խմբի նախագահ Լասլո Մեստերին 25 հուլիս 2008թ.

27 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 25-ին փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի հայ-հունգարական բարեկամության խմբի նախագահ, Բուդապեշտի 18-րդ շրջանի քաղաքապետ Լասլո Մեստերի (Laszlo Mester) գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը` Արման Կիրակոսյանը կարեւորեց հայ-հունգարական քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական համագործակցության, գիտական, մշակութային կապերի զարգացումը` դրան նպաստող գործոնների թվում ընդգծելով երկու երկրների միջեւ առնչությունների պատմական խոր հիմքերը եւ Հունգարիայում հայ համայնքի առկայությունը:

Երկկողմ համագործակցության զարգացման գործում ԱԳ փոխնախարարը առանձնակի նշանակություն տվեց միջխորհրդարանական կապերին: Ողջունելով Հունգարիայի խորհրդարանում Լասլո Մեստերի նախագահությամբ հայ-հունգարական բարեկամության խմբի ձեւավորումը` Արման Կիրակոսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում նման խումբ կստեղծվի նաեւ ՀՀ Ազգային ժողովում:

Լասլո Մեստերը, հանդիսանալով նաեւ մայրաքաղաք Բուդապեշտի 18-րդ շրջանի քաղաքապետ, ներկայացրեց իր ղեկավարած շրջանի եւ Արտաշատ քաղաքի միջեւ հաստատված սերտ կապերը եւ առաջիկա ծրագրերը` ընդգծելով, որ համագործակցության նման ձեւաչափերը լավ հիմք են ծառայում հայ-հունգարական միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Տպել էջը