ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց ՀՀ-ում Լիբանանի, Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի դեսպանների հետ 14 հուլիս 2008թ.

17 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հրանուշ Հակոբյանի եւ Լիբանանի Հանրապետության դեսպան Ժեբրայիլ Ժեարայի հանդիպումը: Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Լիբանանի եւ Հայաստանի միջեւ ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները եւ փոխշահավետ համագործակցությունը: Շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքը ամենահին եւ հայաշատ համայնքներից մեկն է, նա կարեւորեց Հայաստանի ու Լիբանանի հայ համայնքի միջեւ պատմականորեն սերտ կապերի էլ ավելի զարգացումը` ի նպաստ հայապահպանման գործընթացի եւ Հայաստանի տնտեսության մեջ լիբանանահայ համայնքի ներդրումների խրախուսման:

Դեսպան Ժեարան ներկայացրեց Լիբանանի կառավարության կողմից իր սփյուռքի հետ տարվող աշխատանքների փորձը: Նա կարեւորեց այն փաստը, որ Լիբանանի` օրերս ձեւավորված կառավարության կազմում պետնախարարի եւ էներգետիկայի ու ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնները զբաղեցնում են Լիբանանի հայազգի քաղաքացիներ:

Հուլիսի 15-ին Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ Հրանուշ Հակոբյանի եւ դեսպան Սերժ Սմեսովի հանդիպումը, որտեղ քննարկվեցին ՀՀ կառավարության կազմում նորաստեղծ Սփյուռքի կառույցի եւ ֆրանսիահայ համայնքի միջեւ հարաբերությունների առավել ընդլայնման եւ զարգացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարեւորեցին կադրերի վերապատրաստումը, եւ այդ համատեքստում քննարկեցին Եվրամիության շրջանակներում կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորության հարցը:

Հուլիսի 16-ին Հրանուշ Հակոբյանի հյուրն էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց Սփյուռքի հետ կապերի նոր կառույցի եւ ապա նախարարության ծրագրերն ու հետագա անելիքները: Անդրադառնալով բոլոր այն հիմնախնդիրներին, որոնք հնարավոր է տեղ գտնեն մշակվող հայեցակարգի հիմքում, տիկին Հակոբյանը նշեց, որ ստեղծվելիք նախարարությունը համախմբելու է համայն հայությանը, ունենալու է տեղեկատվական մեծ բանկ Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների, անհատների եւ հայագիտական կենտրոնների վերաբերյալ: Իր հերթին դեսպանը պատրաստակամություն հայտնեց օգնել աշխուժացնելու բրիտանահայ համայնքի հետ տարվող աշխատանքները, ինչպես նաեւ ներկայացնել սփյուռքի հետ տարվող աշխատանքի կառավարման օղակ ունեցող այլ երկրների փորձը:
Տպել էջը