ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսին եւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների 16 հուլիս 2008թ.

16 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ:

Հանդիպման սկզբում Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանագների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության զարգացմանն ու ամրապնդմանը — համագործակցության սերտացմանը:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը եւ ավանդույթները, առկա իրավա-պայմանագրային դաշտը, համագործակցության ընդլայման ուղղությամբ քաղաքական կամքի դրսեւորումը հնարավորություն են ընձեռում առավել զարգացնելու տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերը, Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կողմից հատկացված մոտ 1.9 մլրդ դոլարի հասնող աջակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նշվեց, որ խնդիրը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում: Երկուստեք բարձր գնահատական տրվեց Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, կարեւորվեց բանակցությունների շարունակումը 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք հնարավորություն են ստեղծում առաջընթաց արձանագրել խաղաղ գործընթացում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին, նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության Սենատի կողմից հաստատման գործընթացին: Այս առումով, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նոր դեսպանի թեկնածությունը շուտով կհաստատվի եւ նա կժամանի Հայաստան, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպումից հետո տեղի ունեցավՀՀ Կառավարության — ԱՄՆ Կառավարության միջ— «Միջուկային — Ռադիոակտիվ Նյութերի Մաքսանենգ Փոխադրումների դեմ Պայքարի Ոլորտում Համատեղ Գործողությունների Ծրագրի» ստորագրման արարողությունը, որը ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նլաբանդյանը եւ ԱՄՆ պետաքրուղար Կոնդոլիզա Ռայսը:

Նույն օրը նախարար Նալբանդյանը Սպիտակ Տանը հանդիպեց ԱՄՆ նախագահի օգնական, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրականի տեղակալ, դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ:


Հանդիպմանը քննարկվեցին անվտանգության բնագավառում Հայաստանի եւ ԱՄՆ փոխգործակցությունը, Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ջեֆրին մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Հուլիսի 14-ին, կեսօրից հետո նախարար Նալբանդյանը հյուրընկալվեց ԱՄՆ Կոնգրեսում, ուր տեղի ուենցավ նրա հանդիպումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ:


Էդվարդ Նալբանդյանը բարձր գանահատեց ԱՄՆ կոնգրեսի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործընթացում եւ այն ուշադրությունը, որ տարիների ընթացքում դրսեւորել են ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը Հայաստանին վերաբերող խնդիրների նկատմամբ:
Կոնգրեսմեն Բերմանի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:

Հովարդ Բերմանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը եւ շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

 

Տպել էջը