ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Եգիպտոսի ԱԳ փոխնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի գլխավոր քարտուղար տիկին Սաֆիա Իբ րահիմ Ամինին

16 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Եգիպտոսի ԱԳ փոխնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի գլխավոր քարտուղար տիկին Սաֆիա Իբրահիմ Ամինին (Safia Ibrahim Amin):



Ողջույնի խոսքում Ղարիբջանյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Եգիպտոսի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները:
Հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացման եւ խորացման գործում նա կարեւորեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի շրջանակներում տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանի մասնակցությամբ: Նա երախտագիտություն հայտնեց հիմնադրամի կողմից իր ծրագրերում Հայաստանին կարեւոր տեղ հատկացնելու համար: Այդ համատեքստում նա շեշտեց բնապահպանության, հատկապես աղտոտված ջրերի մաքրման, ինչպես եւ գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության եւ այլ ոլորտներում հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցությամբ մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Տիկին Սաֆիա Իբրահիմ Ամինին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ հայ-եգիպտական հարաբերությունները պատմականորեն շատ սերտ են եւ բարեկամական` ընդգծելով այդ գործում Եգիպտոսի հայ համայնքի ունեցած մեծ ներդրումը: Նա վերահաստատեց, որ հիմնադրամը այսուհետ եւս կշարունակի իր ծրագրերում առանձնահատուկ տեղ հատկացնել Հայաստանին: Եգիպտոսի ԱԳ փոխնախարարը գոհունակություն հայտնեց երկկողմ ակտիվ քաղաքական համագործակցության առնչությամբ` շնորհակալություն հայտնելով Հայաստանի կողմից միջազգային կառույցներում Եգիպտոսին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման, Երեւանի եւ Կահիրեի միջեւ ուղիղ օդային չվերթի կազմակերպման, միջազգային ասպարեզում համագործակցության սերտացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Տպել էջը