ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշան է հանձնելՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին 14 հուլիս 2008թ. \

14 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 9-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշան է հանձնել ԱՄՆ-ում բնակություն հաստատած անվանի գիտնական, Երեւանի մաթեմատիկական մեքենաների հետազոտական ինստիտուտի հիմնադիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին:

Նա պարգեւատրվել էր ՀՀ նախագահի ս.թ. մայիսի 26-ի հրամանագրով:
Հանձնելով շքանշանը` գլխավոր հյուպատոսը ընթերցել է նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակը Ս. Մերգելյանի 80-ամյա հոբելյանի առիթով:

Անդրադառնալով գիտության զարգացման, միջազգային հեղինակություն վայելող գիտական կենտրոնների ստեղծման գործում Սերգեյ Մերգելյանի ավանդին, պետության ղեկավարն իր ուղերձում մասնավորապես նշել է. «Ձեր բազմամյա գիտահետազոտական, կազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի եւ երախտագիտության: Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն եւ երկար կյանք»:

Գիտնականին իր շնորհավորանքն է փոխանցել նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսը:

Ակադեմիկոս Մերգելյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը իր գործունեությունը բարձր գնահատելու համար: «Երախտագիտություն եմ հայտնում մեր Նախագահին եւ Հայաստանի կառավարությանը, որոնք ինձ պարգեւատրեցին այս բարձր շքանշանով: Շնորհակալ եմ նաեւ այն ինձ անձամբ հանձնելու համար», - ասաց նա գլխավոր հյուպատոսին ուղղված իր խոսքում:
Տպել էջը