Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի էներգետիկայի նախարարի, վակֆերի նախարարի եւ գլխավոր մուֆթի հետ 9 հուլիս 2008թ.

08 հուլիսի, 2008

Ս.թ. հուլիսի 7-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի էներգետիկայի նախարար Ահմադ Խալեդ Ալիի, վակֆերի (իսլամական ժառանգություն) նախարար Մուհամմադ Աբդ ալ-Սաթթարի եւ հանրապետության գլխավոր մուֆթի Բադր ադ-Դին Հասունի հետ:

Էներգետիկայի նախարար Ահմադ Խալեդ Ալիի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են միմյանց երկու երկրների էներգետիկ համակարգերը, ոլորտում առկա ձեռքբերումները եւ գոյություն ունեցող խնդիրները: Քննարկման առարկա են դարձել բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: Սիրիական կողմին հատկապես հետաքրքրել են վերականգնվող էներգիայի բնագավառում հայկական փորձը:

Վակֆերի նախարար Մուհամմադ Աբդ ալ-Սաթթարի հետ հանդիպման ընթացքում վերջինս ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակները, ինչպես նաեւ ընդգծել երկրում առկա կրոնական հանդուրժողականությունը: Հայաստանի դեսպանն առաջարկել է նախարարության հետ համատեղ կազմակերպել գիտաժողով քաղաքակրթությունների երկխոսության համատեքստում:

Հանրապետության մուֆթի Բադր ադ-Դին Հասունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` Սիրիա նախատեսվող այցի մանրամասները: Մուֆթին դեսպանին է փոխանցել այցելության հրավերը` նշելով որ այցի իրականացումը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը:
Տպել էջը