ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Արգենտինայի դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն 9 հուլիս 2008թ.
08 հուլիսի, 2008Ս. թ. հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Արգենտինայի դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն (Leopoldo Alfredo Bravo, նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց դեսպան նշանակվելու եւ հուլիսի 9-ին նշվող Արգենտինայի անկախության օրվա առիթով: Նա գոհունակություն հայտնեց հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` փաստելով, որ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ քաղաքական ակտիվ եւ կառուցողական երկխոսությունը երկու բարեկամ երկրների բազմաբնույթ համագործակցության լայն հեռանկարներ է ստեղծում:
Որպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Արգենտինան առաջատար երկրներից մեկն է Հայաստանում կատարած ներդրումների ծավալով: Հայ-արգենտինական հարաբերությունների խորացման առումով նախարար Նալբանդյանը կարեւորեց համապատասխան իրավական դաշտի ընդլայնումը:
Դեսպան Բրավոն իր հերթին դրական գնահատեց հայ-արգենտինյան հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ որոշում է կայացվել Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման մասին, ինչը վկայություն է երկկողմ բարեկամական հարաբերություններն առավել սերտացնելու արգենտինյան կողմի մտադրության մասին:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-արգենտինական համագործակցության հարցերին, տնտեսական, գիտակրթական եւ մշակութային բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորություններին:
ՏԵՂԵԿԱՆՔ: Ալֆրեդո Լեոպոլդո Բրավոն ծնվել է 1960թ.: 1987-2001թթ. եղել է նահանգային պատգամավոր, Սան Խուան նահանգի Բլոկիստա կուսակցության խմբակցության նախագահ: 1995-1999թթ. եղել է ազգային պատգամավոր, Արգենտինայի Պատգամավորների պալատի բյուջետային եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի քարտուղար, այնուհետեւ` ֆինանսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ: 2000-2006թթ. զբաղեցրել է Սան Խուան նահանգի Բլոկիստա կուսակցության Պատվավոր ժողովի նախագահի պաշտոնը: 2002-2006թթ. աշխատել է Ռուսաստանում Արգենտինայի դեսպանությունում` որպես ֆինանսական հարցերով հատուկ կցորդ, 2006թ. նշանակվել է Ռուսաստանում Արգենտինայի դեսպան: Տիրապետում է իսպաներեն, անգլերեն, իտալերեն լեզուների: Ամուսնացած է, ունի չորս երեխա: