Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը հայ-չեխական բիզնես-ֆորումին 7 հուլիս 2008թ. Հագրաժա

07 հուլիսի, 2008

Հագրաժան պարոն նախարար,
Տիկնայք եւ պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին:

Ինձ համար շատ ուրախալի է այն հանգամանքը, որ այս միջոցառումը կայանում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցելության ընթացքում, ինչը վկայում է, որ մեր չեխ բարեկամները մեծ կարեւորություն են տալիս առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը:

Իմ խորին համոզմունք է, որ մարդկանց միջեւ ուղղակի կապերի հաստատումը լավագույն ուղին է պետությունների համագործակցության ամրապնդման համար: Մշակութային, ուսումնական, տուրիստական միջոցառումներն ու այցելությունները, որոնց միջոցով մարդիկ ճանաչում եմ միմյանց, դառնում են փոխըմբռնման ամենաամուր հիմքը:

Իսկ ուղղակի կապերի հաստատմանը առավելագույնս նպաստում է գործարարների կապը: Չէ՛ որ այդ կապերը եւ դրանց արդյունքում զարգացող տնտեսական համագործակցությունը ստեղծում են վստահություն, դրանով իսկ աջակցելով նաեւ քաղաքական հարաբերություններին:

Այսօր Հայաստանն ունի ազատ տնտեսություն եւ բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը մեր երկիրը գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդնողների համար: Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում չեխ գործարարները կգտնեն իրենց համապատասխան հայ գործընկերներին:

Որոշ դեպքերում դա կարող է նույնիսկ լինել հին գործընկերների վերագտնում: Չէ՛ որ հայկական եւ չեխական ապրանքները նախկինում ճանաչում են ունեցել միմյանց շուկաներում եւ երկու երկներում էլ կամ բազմաթիվ մարդիկ, որոնք շատ լավ հիշում են եւ ճանաչում թե հայկական կոնյակը, թե չեխական գարեջուրը: Անշուշտ, մեր առեւտրատնեսական հարաբերություններն այսօր կարող են եւ պետք է դուրս գան նման նեղ շրջանակից, դառնան ավելի ժամանակակից եւ լայն:

Հայ-չեխական առեւտրատնտեսական համագործակցությունն աշխուժացնելու համար անհրաժեշտ է նաեւ ակտիվացնել գործարար տեղեկատվության փոխանակումը` մասնավորապես գործարարների փոխադարձ այցերի, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով:

Կարծում եմ, կարեւոր ոլորտ կարող է հանդիսանալ բանկային սեկտորը: Հայաստանում գործող բանկերը արդեն կայացած են, գործում են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական ակտեր: Հայաստանում ներկայում գործում են օտարերկրյա կապիտալով մի շարք բանկեր եւ չեխական բանկերը եւս հնարավորություն ունեն մուտք գործել այդ բնագավառ:

Վստահ եմ, որ այս բոլոր հարցերը իրենց արտացոլումը կունենան ֆորումի քննարկումներում: Հուսով եմ նաեւ, որ ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ, կգտնվեն համապատասխան լուծումներ:

Իմ կողմից կարող եմ հավաստիացնել, որ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է լիովին աջակցելու ձեր նախաձեռնություններին եւ ծրագրերին:

Մեծարգո պարոն նախարար,
Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք համարել հայ-չեխական բիզնես-ֆորումը բացված եւ բոլորին մաղթել արդյունավետ եւ արգասաբեր աշխատանք:

Տպել էջը