Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը աշխատանքային այց է կատարել Կիպրոս 2 հուլիս 2008թ. Ս.թ. հունիսի 25-26-ը Կ
02 հուլիսի, 2008Ս.թ. հունիսի 25-26-ը Կիպրոսում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը` Աթենք) աշխատանքային այցով գտնվել է Կիպրոսում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրագույն ղեկավարության հետ:
Հունիսի 25-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կարոյանի Հայաստան կատարելիք առաջիկա այցին, հայ-կիպրական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը: Մարիոս Կարոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող հարցերում:
Հունիսի 26-ին դեսպան Կաժոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Մարկոս Կիպրիանուին, ում հետ քննարկել են միջազգային ասպարեզում Հայաստանի ու Կիպրոսի համագործակցության, նաեւ` ԱԳ նախարարների փոխադարձ այցեր կազմակերպելու հարցեր:
Կիպրոսի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Նիկոսիայում ՀՀ ներկայացուցչություն հիմնելու գործում: Դեսպան Կաժոյանի խնդրանքով Կիպրիանուն խոստացել է ուղիներ գտնել բարձրացնելու Հայաստանում Կիպրոսի պատվո հյուպատոսության գործունեության արդյունավետությունը:
Դեսպան Կաժոյանի հաջորդ հանդիպումը Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասի հետ էր: Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հյուսիսային Կիպրոսի խնդրի ներկա փուլի մանրամասները: Կիպրոսի նախագահն, ընդունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, հաստատել է առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Ի պատասխան դեսպանի շնորհակալությանը` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին Լառնակայում վերջերս հուշարձանի բացման գործում Խրիստոֆիասի ցուցաբերած մեծ աջակցության համար, Կիպրոսի նախագահն ասել է, որ իր եւ ողջ կիպրոսցիների համար մեծ պատիվ է հայկական համայնք ունենալը, եւ ինքը «պատրաստ է մշտապես օգնելու Կիպրոսի արժանի զավակներին»:
Դեսպան Կաժոյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Նիկոսիայի փոխքաղաքապետ Ստելիոս Իերոնոմիդեսի եւ Լառնակայի քաղաքապետ Անդրեաս Մոիսեոսի հետ: Քննարկվել են Նիկոսիա եւ Լառնակա քաղաքների ու Հայաստանի քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման հարցերը: